• 840

Բլեֆարոպլաստիկան պլաստիկ վիրահատության տեսակ է, որը նախատեսված է կոպերի դեֆեկտները, ձևախախտումները շտկելու և ակնային շրջանը էսթետիկապես ձևափոխելու համար։ Մաշկի և ենթամաշկային բջջանքի հատվածների հեռացման և/կամ ռեպոզիցիայի, ինչպես նաև համապատասխան մկանային և ջլային հյուսվածքների ամրացման շնորհիվ բլեֆարոպլաստիկան հնարավորություն է ընձեռնում շտկելու հարակնային շրջանի ֆունկցիոնալ և կոսմետիկ խնդիրները։ Հարակնային շրջանը սկսվում է հոնքից և ներքևում ավարտվում թշային շրջանով։ Այս վիրահատությունը ավելի պահանջված է կանանց շրջանում։ 2014 թվականին ԱՄՆ-ում բլեֆարոպլաստիկայի դիմած անձանց շրջանում 85%-ը կանայք էին, իսկ Միացյալ Թագավորություններում՝ 88%-ը։ Բլեֆարոպլաստիկ միջամտության նպատակներն են՝ ախտահարված կոպերի ֆունկցիայի վերականգնումը, ինչպես նաև աչքի և հարակնային շրջանի էսթետիկ տեսքի վերականգնումը, որն ապահովվում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ կոպերի ավելորդ մաշկի հեռացումը, ստորադիր ակնային մկանների հարթացումը, ակնակապճի ռետրոսեպտալ ճարպային բջջանքի մասնահատումը և ձգումը, որպեսզի ստեղծվի սահուն անատոմիական անցում ստորին կոպից դեպի թշային շրջան։ Ակնակապիճը կազմող ոսկրերի վերնոսկրային ծածկույթների ձևափոխման շնորհիվ հնարավոր է լինում շտկել վերին և ստորին կոպերի, հոնքերը շրջապատող հյուսվածքի, քթի մեջքի վերին շրջանի և թշային վերին շրջանի կառուցվածքը։ Վերնոսկրը կազմված է երկու շերտից՝

  1. Արտաքին շերտ, որը կազմավորված է շարակցական հյուսվածքի խիտ ցանցից և արյունատար անոթներից․
  2. Խորանիստ շերտ, որը ձևավորվում է շարակցական հյուսվածքի գլանաձև բջիջների խրձերից և էլաստիկ թելերի բարակ ցանցից։

Արևելյան բլեֆարոպլաստիկան (տարածված է արևելյան Ասիայի բնակիչների շրջանում) տարբերվում է դասական բլեֆարոպլաստիկայից։ Երիտասարդ պացիենտների մոտ վիրահատության նպատակն է ձևավորել վերկոպային ծալքը (կրկնակի կոպի վիրահատություն), իսկ մեծահասակների մոտ՝ ձևավորել կամ բարձրացնել վերկոպային ծալքը և հեռացնել կոպի ավելորդ մաշկը (Ասիական բլեֆարոպլաստիկա):

Change Language To: Russian Armenian English